Դպրոցի պատմությունը

Արաքս գյուղի դպրոցը իր սաների առջև դռները բացել է 1945թ. սեպտեմբերի 1-ին՝ տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ: 1945-1946 ուստարում I դասարան է ընդունվել 5 աշակերտ: 1955թ. շահագործման է հանձնվել դպրոցի երկհարկանի տուֆակերտ նոր մասնաշենքը: Արդեն 1968-1969 ուստարում դպրոցը դարձել է միջնակարգ և տվել իր առաջին շրջանավարտները: Այժմ դպրոցը անվանակոչվել է Արցախյան շարժման ազատամարտիկ և դպրոցի շրջանավարտ Զորիկ Ավետիսյանի անվամբ:
Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է շուրջ 200 աշակերտ, իսկ ուսուցումն իրականացվում է 25 բարձրագույն կրթություն ստացած մանկավարժների կողմից: Դպրոցը ղեկավարում է Կարինե Բարսեղյանը:
Այն վայրը, որտեղ գտնվում է դպրոցը, պարտավորեցնող է: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը օգնում է ճանաչելու և գնահատելու անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները՝ որպես ներկայի և ապագայի տեսլական:
Սարդարապատի հուշահամալիրը հաստատում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, նրա ստեղծարար ոգու ուժը: Ուստի դպրոցի սաները դաստիարակվում են հայրենասիրական ոգով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալու հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում: